ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բնակարանամուտ. Գարեգին Բես (1910-1986), գրող

Բնակարանամուտ. Գարեգին Բես (1910-1986), գրող
03.01.2023 | 08:29

Վաղուց էին մտածում Չարենցին բնակարան տրամադրել, բայց չէր ստացվում. այն տարիներին Երևանում քիչ էին տուն շինում: Տեսնելով, որ բարի ցանկությամբ ոչինչ դուրս չի գալիս, գործն իր ձեռքն է առնում… Աղասի Խանջյանը:

Եվ շուտով նա կառուցվող շենք է գտնում. Սպանդարյան-Սունդուկյան (այժմյան Մաշտոցի պողոտա) փողոցների անկյունում ավարտին էր մոտենում կաշվի գործարանի քառահարկ շենքը: Բայց ավա՜ղ, տունը վաղուց էր բաժանված, և մարդիկ օրերն էին հաշվում, թե ե՞րբ պետք է զբաղեցնեն իրենց բնակարանները: Եվ հանկարծ պարզվում է, որ գործարանի դիրեկտորը, առողջական վիճակից ելնելով, հարկադրված, ոչ միայն պաշտոնը, այլև Երևանն էլ պիտի թողներ ու փոխադրվեր Դիլիջան: …1932 թվականի վերջին մի օր Չարենցը աշխատանքի եկավ, ձեռքին կաշվի գործարանի նոր դիրեկտորին հասցեագրված Աղասի Խանջյանի նամակը: Նրա խնդրանքը չմերժվեց, և նորակառույց տան երրորդ հարկի անկյունային երեք սենյականոց ազատ բնակարանը տրամադրվեց Եղիշե Չարենցին:

Առաջին օրերին Չարենցը ոչ մի կերպ չէր հավատում, թե ընդարձակ բնակարանն իրենն է, մենակ տուն չէր գնում: Ընկերանալով այդ կողմերը գնացող այս կամ այն գրողին, իր տան մոտ կանգնեցնում էր նրան, ձեռքը դեպի երրորդ հարկի պատշգամը երկարում և հարցնում.

-Լսիր, չգիտե՞ս ումն է էդ բալկոնը: Մի օր ես ընկերացա նրան, և նա ինձ ևս նույն հարցը տվեց: Ես ևս մյուսների նման ներողամիտ ժպտալով շարունակեցի ճանապարհս: Մոտ կես ժամից, մթերքով բեռնավորված վերադառնում էի Կոնդից, երբ ականջիս ծանոթ ձայն հասավ.

-Գարեգի´ն: Մոտերքում ոչ ոք չերևաց:

-Այ տղա, վերև նայիր: Զարմացած վերև նայեցի. Սպանդարյան փողոցի վրայի իր պատշգամբում կանգնած էր Չարենցը:

-Փո´ւչ արարած,-որսալով հայացքս, իր բարձունքից ձայնեց նա,-մեռա սրան-նրան հարցնելով. ո՞ւմն է էս բալկոնը, ո՞վ է ստացել էս բնակարանը: Հոգիդ դուրս կգա՞ր, որ ասեիր, թե էդ բալկոնը քոնն է, ընկեր Չարենց, թե էդ բնակարանը դու ես ստացել...

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 22023

Մեկնաբանություններ